Իրական ընդդիմությունը ժողովուրդն է, եւ ոչ ոք, այդ թվում՝ նախկին իշխանությունները, չեն կարող կանգնել եւ հայտարարել, որ իրենք իրական ընդդիմությունն են։ Ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։

Նրա խոսքով, Հայ ազգային  կոնգրեսը, որ իրեն ընդդիմություն է հռչակել, իրականում պայմանավորվածությունների մեջ է իշխանությունների հետ։

«ՀԱԿ-ը չի էլ հերքել սա»,- ասաց Կարապետյանը, բայց երբ լրագրողներից մեկը զգուշացրեց, որ երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հերքել է իշխանությունների հետ որեւէ պայմանավորվածության առկայություն, ԺԿ նախագահն ասաց. «Մինչեւ երեկ չէի ժխտում, բայց եթե արդեն ժխտում են, ուրեմն մի բան չի կպել։ Իրականում նման պայմանավորվածությունները պետք է վերաբերեն միայն խղճուկ եւ ընկճված ապրող ժողովրդի համար բարեկեցիկ կյանք ապահովելուն։ Ժողովուրդը պետք է տեղյակ լինի անդրկուլիսային բոլոր քննարկումներին»:

Անդրադառնալով երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու ՀԱԿ-ի պահանջներին՝ ԺԿ նախագահը նկատեց, որ դրանց անցկացման դեպքում ՀԱԿ-ը դա կհամարի իր նվաճումը, մինչդեռ ինքը նվաճում կհամարեր սկզբում արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ «Եթե արտահերթ ընտրություններ լինեն, դրանք կլինեն որոշակի պայմանավորվածության արդյունքում; Հետաքրքիր է՝ ՀԱԿ-ը հիմա՞ էլ կպնդի, որ սկզբում լինեն նախագահական, հետո խորհրդարանական ընտրություններ։ Եթե այդպես է, թող պնդի։ Ամեն դեպքում, բոլոր ուժերին, այդ թվում՝ ՀԱԿ-ին մաղթում եմ, որ հաջողության հասնեն՝ հանուն ժողովրդի»,- նկատեց Կարապետյանը։

Ամփոփելով՝ նա դժգոհություն հայտնեց, որ ՀԱԿ-ը հանրահավաքների մասին  իր թռուցիկները մշտապես սոսնձում է Ժողովրդական կուսակցության թռուցիկների վրա։ «Չեմ հասկանում, կողքը տեղ չկա՞, անպայման վրա՞ն պետք է կպցնեն»,- դիտավորության  ակնարկ արեց Կարապետյանը՝ ավելացնելով, որ թեպետ չի ուզում  «անուն դնել» ՀԱԿ-ի հանրահավաքներին, բայց «մի 100 հոգի փողատերեր կան, 100 հոգի էլ բերում են, դառնում 10 հազար։ Մեքենաներ ունեն, փող ունեն, քաղաքը հեղեղում են թռուցիկներով, ունեն նախկին դատախազ, ունեն նախկին հարկային  նախարար, բոլորս էլ գիտենք»։