Ցուցարարները մտադիր են մնալ Աբխազիայի նախագահի աշխատակազմի շենքի առջեւ այնքան ժամանակ, մինչեւ որ չընդունվի որոշում պետության նոր ղեկավարի ընտրության մասին, ուրբաթ ՏԱՍՍ-ին տեղեկացրել է հանրահավաքի կազմակերպիչներից Ախրա Ավիձբան։

«Ես անձամբ ցանկանում եմ պարզություն տեսնել նոր ընտրությունների հարցում, եւ ժողովուրդն է դա ուզում։ Մենք բոլորս եկել ենք այդ մտադրությամբ։ Մենք կավարտենք (հանրահավաքը), երբ խելամտությունը կգերիշխի հավակնությունների նկատմամբ։ Երբ կնշանակվեն նոր ընտրություններ, մենք կթողնենք շենքը»,- ասել է զրուցակիցը։

Ավիձբան ճշտել է, որ բողոքի մասնակիցները դեմ են կոնֆլիկտի լուծման ուժային տարբերակին։ Նրանց գլխավոր պահանջը, նրա խոսքով, այն է, որ գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան հետեւի երկրի սահմանադրությանը, այդ թվում եւ ընտրությունների մասով։ Նա պարզաբանել է, որ 2019 թվականի սեպտեմբերին երկրորդ փուլում նախագահի երկու թեկնածուները հավաքել են 50 տոկոսից քիչ ձայներ, իսկ հաղթանակի համար, աբխազական օրենքներով, անհրաժեշտ է 50+1 ձայն։

«Մենք եկել ենք (Խաջիմբայի մոտ), խնդրել ներս մտնել, ուզում էինք բացատրել, որ նա պետք է լինի մեր սահմանադրության, օրինական իշխանության երաշխավորը, եւ պետք է ինքը կամովին նշանակի նոր ընտրություններ, բայց նա դա չարեց։ Դուրս եկան նրա թիկնապահները եւ սկսեցին սադրել, հրել, իսկ մենք ֆուտբոլի գնդակ չենք։ Մենք առանց կռվի սկսեցինք պայքարել, որպեսզի մտնենք շենք եւ հանդիպենք (Աբխազիայի) ղեկավարին։ Տղաներից ոչ մեկը, որոնք շենք էին մտել, չի ասի, թե նրան ինչ-որ մեկը ՆԳՆ-ից կամ հատուկ ծառայություններից հարվածել է, եւ հատուկ ծառայություններն էլ՝ նույն կերպ»,- ասել է զրուցակիցը։ Նրա տվյալներով՝ գործող իշխանությանն աջակցության հանրահավաքին ուրբաթ հավաքվել է մոտ 200-300 մարդ, «նրանց կողմից ագրեսիա չկա»։