Երրորդ այլընտրանքային ուժն արդեն ձեւավորվել է, եւ դա Ժողովրդական կուսակցությունն է։ Նման  հայտարարությամբ ապրիլի 14-ին հանդես եկավ ինքը՝ ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը։

«Այդ ուժը մայիսի 3-ին կայանալիք հանրահավաքում փորձելու է արտահայտել իր՝ որոշակիորեն վճռական եւ խիստ մոտեցումները։ Դաշտը դեռեւս թափուր է, բայց մենք միայնակ չենք»,- ասաց Կարապետյանը՝ չմանրամասնելով, սակայն, թե ովքեր են իր համախոհները։

«Բոլորն էլ գիտեն, որ կա մի ստվար զանգված, որը չի ընդունում ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Այդ զանգվածը պետք է ինքնաարտահայտվի։ Շատ բնական է, որ այդ մարդիկ իրենց նախապատվությամբ առաջնորդվեն, ոչ թե որեւէ մեկին սատարեն»,- բացատրեց Կարապետյանը։

Հարցին, թե որքա՞ն մարդու է ակնկալում տեսնել մայիսի 3-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ, ԺԿ նախագահը պատասխանեց. «Դա կոռեկտ հարց չէ։ Ժողովուրդն ինչքան էլ լինի, ժողովուրդ է։ Բացի այդ, մենք մարդկանց փող չեն տալիս, որ գան մեր հանրահավաքներին։ Ժողովուրդն ինձ հետ է։ Նա իմ կողմից միայն բարություն  եւ բարձր արժեքներ է տեսել, այլ ոչ՝ խաբեություն»,- բացատրեց Կարապետյանը:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձին՝ նա նշեց, որ վերջինս նման հնարավորություն, անկասկած, ունի, մանավանդ, որ «ազդեցություն ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ ինչու ոչ` ՀՅԴ-ի վրա»։

«Սակայն մենք պետք  վերջ տանք նախագահների խաղին, պետք է դադարենք հավաքվել անհատների շուրջ, ամենակարեւորը ժողովուրդն է»,- ավարտեց  Տիգրան Կարապետյանը։

Նշենք, որ ԺԿ հանրահավաքը պետք է տեղի ունենար դեռեւս ապրիլի 10-ին, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով  տեղափոխվել է մայիսի 3-ին։