Սուխումում զանգվածային անկարգությունների փաստով հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում է Sputnik-Աբխազիան՝ հղում կատարելով գլխավոր դատախազության կայքին։

«Գործը հարուցվել է Աբխազիայի Հանրապետության Քրեական օրենսգրքի №206 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասով՝ «Զանգվածային անկարգությունների կազմակերպում եւ դրանց մասնակցություն, որոնք ուղեկցվել են ջարդարարությամբ եւ գույքի ոչնչացմամբ», որոնք տեղի են ունեցել Սուխում քաղաքում 2020 թվականի հունվարի 9-ին, որոնց հետեւանքով մի խումբ մարդկանց կողմից զավթվել է կառավարական շենքերի համալիրը, որում գտնվում է Աբխազիայի Հանրապետության նախագահի աշխատակազմը»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Աբխազիայի պետական անվտանգության ծառայությունը գլխավոր դատախազության եւ ՆԳՆ-ի հետ համատեղ սկսել է նախաքննություն եւ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ իրականացնել՝ պարզելու եւ պատասխանատվության կանչելու զանգվածային անկարգությունների ու մայրաքաղաքի կառավարական շենքերում ջարդարարությունների կազմակերպիչներին, մասնակիցներին։

Ընդդիմության կողմնակիցների բողոքի ակցիաները Սուխումում սկսվել են հունվարի 9-ին։ Ցուցարարները ներխուժել են Աբխազիայի նախագահի աշխատակազմի շենք, կոտրել դռները, ապակիները առաջին հարկում եւ ջարդել աշխատասենյակների գույքը։