Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հեռախոսազրույցում պայմանավորվել են Իրանում խփված ուկրաինական ինքնաթիռի «սեւ արկղերի» գաղտնազերծմանը ներգրավել ֆրանսիացի մասնագետների, տեղեկացնում է 112.ua-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի նախագահի գրասենյակին։
«Պետությունների ղեկավարները պայմանավորվել են ֆրանսիացի մասնագետներ ներգրավել խփված ինքնաթիռի «սեւ արկղերի» գաղտնազերծման գործում»,- տեղեկացնումէ մամուլի ծառայությունը։
Մակրոնը խոստացել է նպաստել աղետի համակողմանի հետաքննությանը եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն։
Նա տեղեկացրել է, որ Ֆրանսիան արդեն սկսել է Քաղավիացիայի Միջազգային կազմակերպությունում (ԻԿԱՕ) համապատասխան միջազգային հետաքննության ընթացակարգը։
Զելենսկին, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի պաշտոնակցին ինքնաթիռի աղետի առնչությամբ հնչած ցավակցությունների համար։
«Ձեր պետության աջակցությունը շատ կարեւոր է մեզ համար այս ողբերգական պահին։ Շնորհակալ եմ Ֆրանսիայի պատրաստակամության համար՝ օգնելու հետաքննության անցկացմանը»,- նշել է նա։
Կողմերը նաեւ նշել են, որ ճշմարտության այսքան արագ բացահայտումը Իրանում ուկրաինական փորձագիտական խմբի հստակ աշխատանքի եւ միջազգային գործընկերների համախմբված աջակցության արդյունքն է։





























