Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովն ասել է, թե Իրանը նախնական համաձայնել է ամեն ինչ փոխհատուցել, քանի որ «նրանք պաշտոնապես խոստովանել են», հայտնում է «24 ալիքը»՝ հղում կատարելով Ուկրաինայի հանրային հեռուստատեսությանը տված Դանիլովի հարցազրույցին։

Նրա խոսքերով՝ ավելի ուշ Ուկրաինայի նախագահը կքննարկի այդ հարցերը Իրանի առաջնորդի հետ։

Իրանն ամբողջությամբ ամեն ինչ կփոխհատուցի, կրկին հավաստիացրել է Դանիլովը։

Ավելի վաղ երկրի ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկոն ասել էր, թե Ուկրաինան փոխհատուցում կպահանջի, եթե ապացուցվի, որ ՈՒՄԱ-ի ինքնաթիռին հարվածել են։ Ինչպես նաեւ նշել էր, որ Ուկրաինան կպահանջի, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։

Իրանի ԻՀՊԿ-ն ճանաչել էր Թեհրանի մոտ ուկրաինական ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը։

Իրանի իշխանությունները միջադեպի հետ կապված ցավակցություն են հայտնել, նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ մեղավորները կպատժվեն։

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ վթարի մեղքը լիարժեք ընդունվի։

«Մենք Իրանից ակնկալում ենք լիարժեք եւ բաց հետաքննության, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, զոհվածների մարմինները վերադարձնելու, փոխհատուցումներ վճարելու, դիվանագիտական խողովակներով պաշտոնապես ներողություն խնդրելու պատրաստակամության հավաստիացումներ»,- իր հայտարարության մեջ ասել է նա։