Իրանի նախագահ Հասան Ռոհանին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ուկրաինական ինքնաթիռի կործանումը, որի հետեւանքով զոհվել է 176 մարդ, հայտնում է Mehr-ը։

Ռոհանին նշել է, որ «զգայուն Մերձավոր Արեւելքի անվտանգությունը հասել է վտանգավոր մակարդակի՝ Միացյալ Նահանգների միջոցառումների պատճառով»։

Նա խորը ափսոսանք է հայտնել՝ կապված Թեհրանի մոտ ինքնաթիռի վթարի հետ, եւ նշել է, որ «անցկացվել է ողբերգական միջադեպի արդյունավետ հետաքննություն ու կատարվում են լրացուցիչ ուսումնասիրություններ»։

Կանադական CBC հեռուստաալիքը հայտնել է, որ հեռախոսազրույցի արդյունքներով՝ Թրյուդոն հրավիրել է մամուլի ասուլիս, որի ժամանակ նշել է, որ Իրանի կողմից իր պատասխանատվությունն ընդունելը կարեւոր քայլ է, սակայն «ավելին պետք է արվի»։

Զրույցի ընթացքում Թրյուդոն պնդել է, որ պետք է աղետի լիարժեք եւ թափանցիկ հետաքննություն կատարվի։

«Մեզ անհրաժեշտ է լիարժեք պարզություն այն մասին, թե ինչպես կարող էր նման հրեշավոր ողբերգություն տեղի ունենալ»,- հայտարարել է վարչապետը։