ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մորգան Օրթագուսը հայտարարություն է տարածել Թվիթերում, որում կոչ է արել «իրանական ռեժիմին» ներողություն խնդրել Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրին բերման ենթարկելու համար։

«Իրանական ռեժիմը բերման է ենթարկել Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանին։ Դա Վիեննայի կոնվենցիայի խախտում է, որը ռեժիմի համար առաջին դեպքը չէ։ Մենք կոչ ենք անում ռեժիմին պաշտոնապես ներողություն խնդրել Մեծ Բրիտանիայից իրավունքների խախտման համար եւ հարգել բոլոր դիվանագետների իրավունքները»,-գրել է Օրթագուսը։

Նախօրեին ԶԼՄ-ները հայտնել էին բողոքի ակցիաների մասին, որոնք անցկացվում են Թեհրանի Ամիր Քաբիրի անվան համալսարանի շենքի դիմաց։ «Ցուցարարների շրջանում որոշ արմատական գործողություններ հրահրելու մեջ» ներգրավվածության կասկածանքով մի քանի ժամով բերման էր ենթարկվել բողոքի ցույցին ներկա գտնված Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրը։

Մի քանի ժամ անց նա ազատ էր արձակցել, սակայն ավելի ուշ պետք է տար բացատրություններ տեղի ունեցածի կապակցությամբ։

Ակցիա անցկացվել է ի նշան բողոքի Թեհրանի մերձակայքում խոցված ուկրաինական ինքնաթիռի փաստով։

Համալսարանի շենքում հավաքվել էին մի խումբ ուսանողներ ուկրաինական ինքնաթիռի կործանման կապակցությամբ իրենց բողոքը հայտնելու համար, որը խոցվել էր Իրանի ԻՀՊԿ-ի հակաօդային ուժերի հրթիռի միջոցով։

Հիշենենք, որ հունվարի 8-ին Թեհրանում կործանվել է Ուկրաինական միջազգային ավիաուղիներին պատկանող Boeing 737 ուղեւորատար ինքնաթիռը, որում գտնվել է 167 ուղեւոր ու անձնակազմի 9 անդամ, այդ թվում՝ ավելի քան 30 օտարերկրյա եւ 11 Ուկրաինայի քաղաքացի։ Նրանք բոլորը զոհվել են։

Իրանի Ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբը խոստովանել է, որ ուկրաինական ուղեւորատար ինքնաթիռը խոցվել էր Թեհրանի մերձակայքում «մարդկային սխալի պատճառով»։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին խորին ցավակցություն է հայտնել ողբերգության կապակցությամբ եւ խոստացել մեղավորներին պատասխանատվության ենթարկել։

Ինքնաթիռի կործանման համար ամբողջովին պատասխանատվություն են ստանձնել ԻՀՊԿ ռազմատիեզերական ուժերը։