«Աէրոֆլոտի» ինքնաթիռը մեկնել է Շերեմետեւո օդանավակայանից դեպի Իրանի մայրաքաղաք շուրջ վեց ժամ ուշացումով։ Օդանավակայանի չվատախտակի տվյալներից հետեւում է, որ Թեհրան ինքնաթիռը մեկնել է Մոսկվայի ժամանակով 03:51-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
ՏԱՍՍ-ը նաեւ հարցում է ուղարկել «Աէրոֆլոտ»-ին չվերթի ուշացման պատճառները պարզելու համար։
«Աէրոֆլոտը» միակ ռուսական ավիաընկերությունն է, որն իրականացնում է թռիչքներ դեպի Իրան։ Համաձայն ավիափոխադրողի կայքում առկա չվացուցակի՝ չվերթներն իրականացվում են օրական մեկ անգամ երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի եւ հանգստյան օրերին։ Ինքնաթիռը մեկնում է 22:15-ին, ժամանում Իրան հաջորդ օրը՝ գիշերը 2:45-ին։
Հունվարի 8-ին «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռը կործանվել էր Թեհրանի օդանավակայանից թռիչքից մի քանի րոպե անց։ Դեպքի հետեւանքով զոհվել է 176 մարդ՝ Աֆղանստանի, Գերմանիայի, Իրանի, Կանադայի եւ Ուկրաինայի քաղաքացիներ, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի ու Շվեդիայի ներկայացուցիչներ։ Շաբաթ Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որում խոստովանել էր, որ ինքնաթիռը խոցվել էր սխալմամբ։
Հունվարի 8-ին Ռոսավիացիան հեռագիր էր ուղարկել ռուսական ավիաընկերություններին՝ խորհուրդ տալով թռիչքներ չիրականացնել Իրանի եւ Իրաքի, ինչպես նաեւ Պարսից ծոցի եւ Հորմուզի նեղուցի օդային տարածքում։
Այնուհետեւ ավիաընկերությունները հայտնել էին այլընտրանքային երթուղիներ փնտրելու մասին։ Ներկայումս այդ տարածքները շրջանցելով թռիչքներ կատարելու մասին հայտարարել են «Ռոսսիա», Azur Air, S7, «Ուրալյան ավիաուղիներ», «Աէրոֆլոտ» եւ «Պոբեդա» ընկերությունները․ նրանք տեղեկացրել են այլընտրանքային երթուղիներ մշակելու մասին։ Ավելի վաղ «Վեդոմոստի» թերթը նշել էր, որ հունվարի 8-ի եւ 9-ի դրությամբ «Աէրոֆլոտ»-ի Մոսկվա-Դուբայ չվերթը իրականացվում է Իրանի օդային տարածքով (օրական ավիափոխադրողը կատարում է այդպիսի չորս չվերթ)։




























