Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարը որոշում է կայացրել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով RTE ազգային հեռուստաալիքի եթերում Վարադքարի հայտարարությանը:

«Երկար ժամանակ կողմ էի 2020 թվականի ամռանն ընտրություններն անցկացնելուն, սակայն այժմ խոստովանում են, որ իրավիճակը փոխվել է»,-հայտարարել է Վարադքարը: «Մենք հասել ենք Brexit-ի գործարքին, եւ դա մեծ հաջողություն է, հասել ենք Հյուսիսային Իռլանդիայի տեղի վարչակազմում գործունեության վերականգնմանը,-պարզաբանել է վարչապետը:-Ես որոշում եմ կայացրել արտահերթ ընտրությունների մասին, սակայն օրենքը պարտադրում է ինձ հետեւել որոշակի ընթացակարգի»: Նրա խոսքով՝ ընտրությունների հստակ ամսաթիվը երկրում կորոշվի նախարարների եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից հետո, որոնք կմեկնարկեն հունվարի 14-ին:

Ավելի վաղ The Sunday Times բրիտանական թերթի իռլանդական կիրակնօրյա թողարկման մեջ նշված էր, որ Վարադքարը մտադիր է հայտարարել ընտրությունների օրվա մասին նախքան խորհրդարանականների՝ արձակուրդից վերադառնալը հունվարի 15-ին, իսկ քվեարկության ամենահավանական ամսաթիվը կլինի  փետրվարի 7-ը: Իշխող «Ֆինե գել» կուսակցության եւ ընդդիմադիր «Ֆիանա ֆոյլ» կուսակցության միջեւ կառավարական համաձայնագիրը գործում է 2016 թվականի մայիսից, իսկ 2018 թվականի հոկտեմբերից կուսակցությունը անցկացրել էր խորհրդակցություններ գործող կառավարման սխեմայի պահպանման առնչությամբ: Իրավիճակը փոխվել էր 2019 թվականի դեկտեմբերին, երբ մի շարք ընդդիմադիր խորհրդարանականներ հրաժարվել էին քվեարկել իշխող կուսակցության օգտին: Ինչպես պարզաբանել է բրիտանական պարբերականը, արտահերթ ընտրությունների միջոցով «Ֆինե գել»-ը հույս ունի խուսափել պարտությունից եւ առավելագույն չափով օգտագործել «Brexit-ի գործոնը» իր էլեկտորալ դիրքերն ամրապնդելու համար: