Հայաստանում կան 1,1 մլն հա արոտավայրեր, որոնց միայն 30-35 տոկոսն է օգտագործվում։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
Նրա ներկայացմամբ, կառավարությունը հաստատեց արոտավայրերի եւ խոտհարքների օգտագործման կարգը։ Գյուղնախարարության ներկայացրած տեղեկանքի համաձայն՝ 1987 թվականին հանրապետությունում 1 հա արոտավայրի ծանրաբեռնվածությունը կազմում էր 1.1 պայմանական գլուխ, իսկ ներկայում՝ 0.4:
Բացի այդ, մի շարք տարածաշրջաններում կտրուկ փոփոխվել է արոտավայրերի օգտագործման համամասնությունը: Արդյունքում, մի շարք տարածաշրջաններում ընդհանրապես չեն օգտագործվում լեռնային եւ հատկապես բարձրլեռնային արոտավայրերը, մինչդեռ բնակավայրերին մերձակա սահմանափակ արոտավայրերն օգտագործվում են գերծանրաբեռնվածությամբ: Այս հանգամանքը հանգեցրել է արոտավայրերի եւ խոտհարքների օգտագործման արդյունավետության մակարդակի իջեցման:
Գյուղնախարարության ներկայացրած նոր կարգը նպատակ ունի առավել մատչելի դարձնել լեռնային արոտավայրերի օգտագործումը։ Դրանք ցածր վարձավճարով կհատկացվեն գյուղացիներին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս կապակցությամբ նույնիսկ հայտարարեց, որ գյուղացիները կազատվեն տարեկան 240 հազ. դրամ վճարելու անհրաժեշտությունից:




























