Այսօր Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեցինք Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։ Երեսուն տարի առաջ՝ 1990թ. հունվարի 13-19-ը, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դաժան սպանդի զոհ դարձան եւ բռնի տեղահանվեցին տասնյակ հազարավոր հայեր. հայերի նկատմամբ 6 օր դրսեւորված վայրագություններից հետո շուրջ 250 հազար հայ բնակիչ ունեցող քաղաքը հայաթափվեց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Բաքվում եւ Սումգայիթում հայերի դեմ իրականացված գործողությունները կրել են կազմակերպված բնույթ կամ առնվազն իրականացվել են Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ: Եվ հատկանշական է, որ Բաքվի եւ Սումգայիթի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակը հավերժացնող հուշակոթողը գտնվում է Ծիծեռնակաբերդում։ Այնպես, ինչպես 20-րդ դարի սկզբին թուրքական կառավարությունն իրագործեց առաջին ցեղասպանությունը՝ բնաջնջելով 1,5 միլիոն հայի, այնպես էլ երեսուն տարի առաջ Բաքվում դաժան սպանդի զոհ դարձան եւ բռնի տեղահանվեցին տասնյակ հազարավոր հայեր՝ միայն իրենց էթնիկ պատկանելության պատճառով։
Հայ ժողովուրդն, անցնելով ցեղասպանության արհավիրքի միջով, այսօր հատուկ պատասխանատվություն է կրում անհանդուրժողականության եւ խտրականության հիմնարար պատճառների բացահայտման, մարդկության դեմ հանցագործությունների ու ցեղասպանությունների կանխարգելման գործում»:




























