Հայաստանի կառավարությունն այսօր՝ ապրիլի 14-ին հավանություն տվեց Հայաստանի ու Բրազիլիայի կառավարությունների միջեւ կրթության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրին:

Հարցը ներկայացնող ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ Բրազիլիան վերջին տարիներին շատ արագ է զարգանում, եւ նշանակալի բարեփոխումներ է իրականացրել նաեւ կրթության ոլորտում։ 

Համաձայնագրով նախատեսված են, մասնավորապես, հետեւյալ նպատակները. միջհամալսարանական համագործակցություն, ուսուցիչների, գիտնականների եւ հետազոտողների վերապատրաստում։

Համաձայնագրի երրորդ հոդվածով կողմերը պարտավորվում են նպաստել իրենց ուսումնական հաստատություններում մյուս կողմի պետության լեզվի, գրականության, պատմության եւ մշակույթի ուսումնասիրմանը եւ ուսուցմանը, ինչպես նաեւ աջակցել մասնագետների, ուսումնամեթոդական ձեռնարկների եւ դասագրքերի փոխանակմանը։