Հայաստանյան այլ կրոնական կազմակերպությունները որոշ ժամանակ անց կարող են ավելի համարձակորեն դիմել պաշտպանության նախարարությանը՝ այլընտրանքային զինվորական ծառայության անցնելու համար։ ՀՀ կառավարությունն այսօր՝ ապրիլի 14-ին հավանություն տվեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առաջարկությանը՝ փոփոխություններ կատարելու «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում։
Թեեւ Հայաստանում «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը գործում է 2004 թվականից, սակայն այս պահի դրությամբ, այլընտրանքային ծառայության համար դիմումներ չեն ներկայացվում եւ այլընտրանքային ծառայողներ չկան։ Պատճառը, ըստ պաշտպանության նախարարության ներկայացրած տեղեկանքի, հետեւյալն է՝ գործող օրենքն այլընտրանքային ծառայողների նկատմամբ սահմանում է զինվորական վերահսկողություն, ինչը հակասում է նրանց կրոնական համոզմունքներին:
Միջազգային կառույցներն ու փորձագետներն արդեն տարիներ շարունակ փորձում են հասնել նրան, որ հայաստանյան օրենքում փոփոխություններ կատարվեն։
Առաջարկվող փոփոխությամբ, մասնավորապես, նախատեսվում է, որ այլընտրանքային զինվորական ծառայություն անցնող անձինք կստանան զինվորական գրքույկ։





























