ԱՄՆ-ի Կանզաս քաղաքում ազգությամբ հայ մեղադրյալը խոստովանել է, որ կեղծել է անձը հաստատող փաստաթուղթը:
ԱՄՆ դաշնային դատախազը հայտնել է, որ 33-ամյա Արթուր Գալստյանը ապրիլի 13-ին իրեն մեղավոր է ճանաչել անձը հաստատող փաստաթուղթը կեղծելու եւ դրա միջոցով մոտ 230 հազար դոլար արժեքով մեքենաներ եւ ջրային մոտոցիկլետներ գնելու մեջ, հաղորդում է Associated Press-ը:
Գալստյանը խոստովանել է, որ ինքն ու իր հանցակիցները չէին պատրաստվում վճարել տրանսպորտային միջոցների համար, որոնք նրանք ձեռք էին բերել 2009թ. նոյեմբերից մինչեւ 2010թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում: Նրանք բնակարան եւ գրասենյակային մեծ տարածքներ էին վարձակալել Կանզաս-Սիթիում, որպեսզի վստահություն ձեռք բերեն տեղացիների շրջանում: Օգտագործելով կեղծ փաստաթղթեր, նրանք տրանսպորտային միջոցներ են գնել` հետագայում ռուսաստան ուղարկելու նպատակով: Գործով դատավճիռը կայացվելու է ավելի ուշ:





























