Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ ապրիլի 11-ից ներքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիների սպասարկման մոնիտորինգ է ընթանում, որի մասին երթուղիներ սպասարկող ընկերությունները նախօրոք չեն տեղեկացվել` առավել անաչառություն ապահովելու համար:

Մոնիթորինգի առաջին շաբաթվա միջին վիճակագրությամբ ամենաշատ խախտումներ արձանագրվել են շարժակազմերի արտաքին տեսքի ու անբավարար մաքրություն մասով: Արձանագրվել են դեպքեր, երբ վարորդները կանգառումները խախտումներով են կատարել` շատ դեպքերում վնասելով կանգառները փողոցի բանուկ մասից սահմանազատող ռետինե բարձիկները:

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի խոսքով, նման բարձիկներ նախատեսվում է տեղադրել մայրաքաղաքի շուրջ 200 կանգառներում: Դիտարկման արդյունքներով հիմնականում արձանագրվել է մեքենաների սանիտարական եւ վարորդների արտահագուստի անբավարար վիճակը: Նա առավել մտահոգիչ է գնահատել երթուղիների սպասարկման շարժման միջակայքը (ինտերվալը), մեկ առ մեկ թվարկելով այս առումով թերացած երթուղիները:

Երթուղիներն սպասարկող ընկերությունների տնօրեններին տեղեկացնելով, որ շուտով պատրաստ կլինի մայրաքաղաքի երթուղիների նոր ցանցը, տրանսպորտի վարչության պետը նշել է, որ դրանում նախապատվությունը տրված է միջին եւ մեծ տեղատարողությամբ ավտոբուսներին: Ներկրվող ավտոբուսի մակնիշի, գույնի ընտրության մեջ տնտեսվարող սուբյեկտները ազատ են, իսկ նախընտրելի չափորոշիչներն են  2.4 մետր լայնություն, 7,5 մետրից ոչ պակաս երկարություն, 50-60 ուղեւոր տարողություն: Այսպիսի չափորոշիչներն ապահովող ավտոբուսային պարկով ընկերությունները, մրցույթում հաղթելու դեպքում երթուղիները կարող են սպասարկել մինչեւ 10 տարի ժամկետով:

Նշենք, որ մոնիտորինգին մասնակցում են Երեւանի քաղաքապետարանի «Երեւանտրանսի» աշխատակիցները, Երեւանի ճարտարագիտական համալսարանի, Արհեստագործական համար 1 ուսումնարանի եւ Արդյունաբերական քոլեջի 60 ուսանող: