Հայաստանում ուժեղ քաղաքացիական հասարակության ձեւավորումը ժողովրդավարացման գործընթացի պարտադիր մասն է կազմում. Այն կարեւոր խթան է հանդիսանում կառավարման բազմաթիվ ոլորտներում եւ զգալիորեն կնպաստի երկրի զարգացմանը: Այս մասին այսօր` ապրիլի 14-ին  Երեւանում մեկնարկած 2-օրյա համաժողովի ընթացքում ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:

Նրա խոսքով, ամրապնդելով կապը Հայաստանի հասարակական կազմակերպությունների եւ Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի նրանց գործընկերների միջեւ` ԵԱՀԿ գրասենյակը փորձում է խմբերին հնարավորություն ընձեռել, որպեսզի նրանք սովորեն միմյանց փորձից եւ նրանց մոտ բարձրացնել իրենց սահմանված նպատակները քարոզելու կարողությունը:

«Ուշադրությունը Կենտրոնական Եվրոպայի կազմակերպությունների հետ փորձի փոխանակմանը խիստ կարեւոր էր, քանի որ այդ կազմակերպություններն ունեն անցումային ժամանակաշրջանի թարմ յուրահատուկ փորձ եւ միաժամանակ լավ պատկերացում հետխորհրդային համատեքստի առանձնահատկությունների ու յուրատեսակ անցումից բխող մարտահրավերների մասին», - նշել է Եվրոպական համագործակցություն հանուն ժողովրդավարության կազմակերպության գործադիր տնօրեն Կարլոս Հերնանդես Ֆերեյրոն:

Հայաստանի եւ Եվրոպայի քաղաքացիական հասարակության խմբերի մոտ 50 ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող համաժողովի նպատակն է նպաստել կառուցողական տեսակետների, լավագույն փորձի եւ Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայից քաղած դասերի փոխանակմանը: