Հայաստանում, վերջին տվյալներով, հեմոֆիլիայով է տառապում 232 մարդ, որոնցից 64-ը երեխաներ են։ Այս մասին ապրիլի 14-ին կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրեց Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ասոցիացիայի ղեկավար Տանյա Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ գրանցված բոլոր հիվանդ երեխաները հաշմանդամ են, իսկ հիվանդությունը նրանց մոտ արձանագրվել է վաղ մանկական հասակում։ Խաչատրյանն ընդգծեց հիվանդների նկատմամբ կառավարության ուշադրությունը գրավելու հանգամանքի կարեւորությունը, քանի որ ներկայումս հիվանդներից շատերը դեղամիջոցների ձեռքբերման խնդիրներ ունեն։
«Մենք վերջերս նամակ են ուղարկել Առողջապահության նախարարությանը՝ խնդրելով, որ հիվանդներին հատկացվող դեղերի չափաքանակը ավելացվի»,- ասաց Խաչատրյանը՝ ավելացնելով, որ հեմոֆիլիայով հիվանդների 60 տոկոսի մոտ նաեւ հեպատիտ C- է հայտնաբերվել։
Նշենք որ հեմոֆիլիան տղամարդկանց հատուկ ժառանգական հիվանդություն է, չնայած հիվանդածին գենի կրողները լինում են կանայք։





























