Այսօր որեւէ բան արտադրելու համար ավելի շատ տեխնիկական գիտելիքն է կարեւոր, քան այս կամ այն ինդուստրիալ ուղղությունը: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Հայաստանն այլ շանսեր չունի, քան բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դառնալն ու տնտեսությունը առաջ տանելը:
Այս տարվա համար նպատակները լինելու են միջազգային խաղացողներին գայթակղելը եւ համոզելը, որ Հայաստանում գործունեությունը ծավալեն, թեկուզ ամենափոքր գործունեությունը»,-ասաց նախարարը:
Նա նկատեց, որ աշխարհում տիեզերական արդյունաբերության շուկան 250 մլրդ դոլար է եւ շարունակում է աճել, եւ Հայաստանը նույնպես այս ուղղությամբ պետք է քայլեր անի:
«Եթե առաջ պետություններն էին զբաղվում այս ոլորտով, ինչպես օրինակ, ԱՄՆ-ում ՆԱՍԱ-ն, Ռուսաստանում «Ռոսկոսմոսը», այսօր արդեն շատ կոմերցիալներ են սկսել դրանով զբաղվել: Ամերիկյան «Սփեյսիքս»-ը ձեզ օրինակ, որը ամբողջությամբ հեղափոխեց տիեզերական գործունեության ոլորտը: Արդեն տասնյակ հազարավոր տիեզերական սարքեր տիեզերք բաց թողնելու եւ այնտեղից ամբողբ Երկիր մոլորակը ինտերնետով սնելու մասին է խոսում: Արդեն թողնում են տիեզերանավ, որը հետ է գալիս ու վայրէջք կատարում Երկիր մոլորակի վրա՝ մետրի ճշտությամբ»,-ասաց Հակոբ Արշակյանը:




























