Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի մեկնաբանություններին: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.

«Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հայտարարությունն այն մասին, որ Միության անդամ ընկերություններն ալեւս անվստահելի գործընկեր են, անընդունելի ենք համարում, ինչի հետ կապված անհրաժեշտ ենք համարում հիշեցնել.

1. Միության մեջ են մտնում 110 ՏՏ ընկերություններ, որոնք բյուջե են վճարում ավելի քան 30 մլրդ դրամ հարկ, իսկ ընկերությունների աշխատակիցների թիվը գերազանցում է 10 հազարը: Միության մեջ են մտնում ինչպես միջազգային, այնպես էլ տեղական ընկերություններ, որոնք մեծ ավանդ են ունեցել ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, այլ նաեւ կրթության եւ գիտության զարգացման մեջ:

2. Միությունը շարունակաբար պետության հետ համագործակցելով՝ իրականացրել է պետական նշանակության մի շարք նախագծեր, ինչպիսին են «Արմաթ» եւ «Իրական դպրոց» ծրագրերը, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT – 2019 միջազգային համաժողովը, որը պետությունը ներկայացնում է որպես ձեռքբերում ինչպես ներքին, այնպես էլ միջազգային հարթակներում:

3. Այսուհետ ԿԳՄՍ նախարարությունից ակնկալում ենք կառուցողական մոտեցում: Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ կառավարությանը հիմնավորելու մեր բարձրացրած խնդիրների արդիականությունը, ինչպես նաեւ մեր առաջադրած լուծումների արդյունավետությունը»: