Ռադիոյի եւ հեռուստատեսության ոլորտում բարեփոխումներն իսկապես անհրաժեշտ են, սակայն փոփոխություններն այնքան բազմաշերտ են, որ լուծումը պետք է համալիր լինի: Այս մասին հունվարի 16-ին «Օրենսդրական փոփոխություններ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տեղեկատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը:
Մանուկյանի կարծիքով՝ օրենքը չպետք է փոխվի աստիճանաբար՝ նոր օրենսդրական նախաձեռնությունների ընդունման ճանապարհով: «Շատ կարեւոր է, թե ինչ չափորոշիչներով են հեռուստաալիքները լիցենզիաներ տրամադրելու: Շատ կարեւոր է բազմակողմ, օբյեկտիվ տեղեկատվության առկայությունը, որը հասարակությանն է ներկայացվում նորությունների ծրագրերի միջոցով: Դրանք շատ գեղեցիկ խոսքեր են, որոնք կարելի է հանդիպել գրքերում, նախընտրական գործընթացների ժամանակ: Սակայն վերջին երկու տարում, երբ հանրապետությունում մեկնարկեցին տարբեր նախընտրական գործընթացներ, հեռուստաալիքները քաղաքական մրցավազքի բոլոր մասնակիցների համար հավասար հնարավորություններ ստեղծելու առումով աղետալի իրավիճակում հայտնվեցին»,- նշեց նա՝ պարզաբանելով, որ այս կամ այն քաղաքական ուժը կամ առանձին քաղաքական գործիչ հանգիստ կարող էին հայտարարել ինչ-որ սուբյեկտիվ պատճառներով այս կամ այն հեռուստաալիքի ծրագրին չմասնակցելու մասին:





























