Պարզվել է, որ ԵԽԽՎ-ում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հարց ուղղած եւ վիրավորական պատասխան ստացած ֆրանսիացի կին պատգամավոր Միլիթելոն Հայոց ցեղասպանությունից փրկված հայի թոռ է:

Այս մասին, թուրքական NTV-ի հետ զրույցում հայտնել է հենց Միլիթելոն` շեշտելով, որ իր տատն ու պապը մինչեւ 1915-ը ապրել են Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում: Նա նշել է, որ իր պապի անունը Սեյրան է եղել, իսկ տատինը` Մադլեն: «1915-ի մի երեկո իմ պապի տան դուռը թակել են եւ զգուշացրել տեղի ունենալիք իրադարձությունների մասին, եւ նրանք կարողացել են փախչել ու փրկվել»,-ասել է Միլիթելոն:

Անդրադառնալով Էրդողանի` իրեն ուղղված վիրավորական խոսքերին, ֆրանսիացի խորհրդարանականը շեշտել է, թե Էրդողանը գիտակցված կամ ոչ գիտակցված սխալ է թույլ տվել: «Նա իմ հարցին կարող էր պատասխանել «այո», սակայն նա վիրավորական արտահայտություններ արեց: Նրա առաջին նախադասությունից հասկացա, որ ֆրանսիացիների հասցեին ոչ հաճելի արտահայտություն է արել: Ես նրան չպատասխանեցի, քանի որ ԵԽԽՎ-ում նման վարքը հարիր չէ»,- ասել է Միլիթելոն:

Նշենք, որ ֆրանսիացի խորհրդարանական Միլիթելոն Թուրքիայի վարչապետին հարցրել էր, թե ինչպե՞ս են երաշխավորում Թուրքիայում ազգային փոքրամասնությունների կրոնական իրավունքները, որին ի պատասխան Էրդողանը հեգնանքով պատասխանել է. «Դուք խոսում եք մի բանից, որից գլուխ չեք հանում: Կարծում եմ դուք ֆրանսիացի եք, Թուրքիայի համար էլ եք ֆրանսիացի (Թուրքիայում անիմաստ ու անտեղի խոսացողներին հեգնական տոնով ֆրանսիացի են անվանում)»:

Էրդողանը որպես օրինակ բերել է Աղթամարի Սուրբ Խաչի վերանորոգման փաստը: