Իրանում ապրիլի 24-28-ին կանցկացվի Քիշի առաջին միջազգային կինոփառատոնը: Ազատ առեւտրի գոտում կազմակերպող փառատոնը նպատակ ունի վերականգնել իրանական կինոյի եւ փառատոնների վարկն աշխարհում:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամլո ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ նպատակով հրավիրվելու են վերջին 5 տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը, որոնց մեջ են մտել նաեւ Հարություն Խաչատրյանի երկու ֆիլմերը` «Սահմանը» եւ «Պոետի վերադարձը»` համապատասխանաբար խաղարկային եւ վավերագրական անվանակարգերում:

Բացի ֆիլմերի ռեժիսորից Իրան են հրավիրվել նաեւ օպերատոր Վրեժ Պետրոսյանը եւ կինոգետ Դավիդ Մուրադյանը:

Քիշի փառատոնի հիմնադիրները նշում են, որ փառատոնի առանցքում լինելու են տարածաշրջանում առկա կրոնական ու մշակութային փոխհարաբերությունները, սոցիալ տնտեսական խնդիրները, Իրանի ու տարածաշրջանի ժողովուրդների դերը համաշխարհային պատմության ու ներկայիս քաղաքական զարգացումների մեջ, իսլամական Իրանի խնդիրները, Պարսից ծոցի ու Կասպից ծովի դերը եւ այլն: