«Մաքս-կոնցեռնի» սեփականատեր, հանրապետական Խաչիկ Մանուկյանը մտադիր է կրկին առաջադրվել 2012թ. խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ինքը` Մանուկյանը` մեկնաբանելով Հանրապետական կուսակցության հայտարարությանը, թե հաջորդ խորհրդարանում «գործարար աշխարհի» ներկայացուցիչների թիվը հասցվելու է նվազագույնի:

«Ես երբեք չեմ փոխել իմ որոշումը 2012թ. խորհրդարանական ընտրություններին առաջադրվելու վերաբերյալ: Ես ի սկզբանե որոշել էի, որ մասնակցելու եմ դրանց»,- ասել է պատգամավորը:

Հարցին, թե չի՞ մտահոգվում արդյոք կուսակցության հայտարարությունից, Մանուկյանն ասաց. «Իսկ ո՞վ ասաց, որ ես գործարար եմ: Ի՞նչ կապ ունեմ, ուղղակի լավ եմ հասկանում բիզնեսից եւ իմ խորհուրդներով ճիշտ ուղղություն եմ տալիս Հանրապետական կուսակցության գործընկեր պատգամավորներին համապատասխան հարցերի քննարկումների ժամանակ»:

Երեւանի աղի գործարանի սեփականատեր, հանրապետական Արեգ Ղուկասյանն էլ ասել է, թե ամեն ինչ կախված է նրանից, թե «ինչ են հասկանում գործարար աշխարհի ներկայացուցիչ ասելով»: «Այդ հասկացությունը բավական առաձգական է, ո՞վ կարող է կոնկրետ որոշել, թե ինչն է ընկնում  «ձեռնարկատեր» կամ «գործարար աշխարհի ներկայացուցիչ» հասկացության տակ: Ես կոմբինատի սեփականատեր եմ, բայց խորհրդարանի որեւէ նիստ բաց չեմ թողնում»,- հավաստիացրել է նա: