2011 թ. մարտին Իրանից Հայաստան է այցելել մոտ 25 հազ. քաղաքացի, որոնցից 18 հազարը՝ Նովրուզի օրերին։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 15-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Նշենք, որ 2010 թ. Նովրուզին Հայաստան էր այցելել 28 հազ. իրանցի, իսկ 2009-ին՝ 8700։

Նովրուզը մահմեդական մի շարք երկրներում նշվող տոն է, որ պարսկերենից թարգմանաբար նշանակում է «նոր օր»։ Տոնը նշվում է մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը եւ տեւում է մի քանի օր։

Իրանցիներին Հայաստանը հրապուրում է մուտքի արտոնության հեշտացված եւ մատչելի կարգով, ազատ եւ ուրախ ժամանց անցկացնելու հնարավորությամբ։ Քիչ դեր չեն խաղում Իրանում արգելված, արտասահմանում բնակվող իրանցի երգիչների երեւանյան համերգները: Հայաստանում իրանցի զբոսաշրջիկը 5 օրում միջինը ծախսում է 1000 դոլարին համարժեք դրամ։

Անդրկովկասյան 3 պետությունների միջեւ անթաքույց մրցակցություն կա իրանցի զբոսաշրջիկներին հրապուրելու առումով։ Մասնավորապես՝ Վրաստանն այդ նպատակով չեղյալ հայտարարեց Իրանի հետ վիզայի ռեժիմը, ինչը նպաստեց իրանցի զբոսաշրջիկների հոսքին դեպի Վրաստան։

Ադրբեջան անցյալ տարի Նովրուզի տոնին այցելել է մոտ 100 հազ. իրանցի։ Նշենք, որ Ադրբեջանը նույնպես պաշտոնապես նշում է այդ տոնը։

Սակայն այս տարի իրանցիների հոսքը Ադրբեջան պակասել է՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների վատթարացման պատճառով։