Հայաստանի խորհրդարանի պատգամավորների, որ սովոր չեն երեք շաբաթում չորս օրից ավելի աշխատել, նյարդերը տեղի են տվել ապրիլի 15-ին կայացած արտահերթ նիստի վերջում, ինչի պատճառով Հովիկ Աբրահամյանին հազիվ հաջողվեց քվեարկություն կազմակերպել:

Հատուկ քվորում ապահովելու համար «բերման ենթարկված» հանրապետականները նյարդային տոնով խնդրում էին իրենց դաշնակցական գործընկերներին քիչ հարցեր տալ եւ ելույթներ ունենալ: «Էդքան հարց մի տվեք, արագ պրծնենք»,- համոզում էին նրանք: Ինչին ի պատասխան դաշնակցականները պնդում էին. «Ոչ, ցույց կտանք կառավարությանը, թող իմանան, թե ինչ է նշանակում կիսատ փաստաթղթեր ներկայացնել խորհրդարան»:

Արդեն երկրորդ քվեարկության ընթացքում պարզ դարձավ, որ իշխող մեծամասնության պատգամավորների համբերությունը չի ներել եւ նրանք լքել են դահլիճը: Հենց այդ պատճառով էլ Հողային օրենսգրքի փոփոխությունները չընդունվեցին: Հետագա քվեարկությունները չձախողելու համար ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց եւ սկսեց զանգել գործարար պատգամավորներին` պահանջելով անհապաղ ներկայանալ նիստերի դահլիճ:

Նիստը վերսկսվելուց հետո Վահան Հովհաննիսյանը դիտողություն արեց Հովիկ Աբրահամյանին նույն հարցը երկրորդ անգամ քվեարկության դնելու համար: «Պարոն Հովհաննիսյան, մի խոչընդոտեք մեր աշխատանքին, ավելի լավ է մասնակցեք քվեարկությանը»: Ի պատասխան ՀՅԴ-ն եւս 20 րոպե ընդմիջում խնդրեց: Ճիշտ է, հանրապետականներին հետո հաջողվեց գլուխ բերել քվեարկության հարցը: