Հայաստանի ոստիկանությունը տվյալ պահին խնդիրներ չունի ընդդիմության հետ: Այդ մասին այսօր` ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ալիկ Սարգսյանը:
Հայտարարելով, թե ոստիկանությունը նախկինում էլ դաժան չի եղել ընդդիմության նկատմամբ, Ալիկ Սարգսյանն ասել է, որ իր ղեկավարած գերատեսչությունն իր գործողություններում ղեկավարվում է բացառապես օրենքով:
Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքներին եւ բանակցություններին, որոնց արդյունքում ցույցի մասանկիցներն առանց խնդիրների մուտք են գործել Ազատության հրապարակ, Սարգսյանն ասել է, թե ընդդիմությունն իրեն քաղաքակիրթ է պահել: Ողջունելով պայքարի այդ ուղին, նաեւ ընդդիմության գործողություններում հանրային կարգի խախտման եւ սահմանադրական կարգի խարխլման դրսեւորումներ չնկատելով` ոստիկանապետը հստակեցրել է, որ դրանք հաշվի առնելով որոշում է կայացվել չխոչընդոտել Ազատության հրապարակում ցույցի անցկացմանը:
Միեւնույն ժամանակ Ալիկ Սարգսյանը հիշեցրել է, որ ընդդիմության ագրեսիվ վարքի դեպքում ոստիկանության արձագանքն այլ կլիներ:





























