Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 20-ին ԵՊՀ-ում տեղի կունենա ֆրանսիական երգի փառատոն:
Միջոցառմանը ներկա կլինեն ԵՊՀ ղեկավարությունը, ներկայացուցիչներ ֆրանկոֆոն դպրոցներից (թիվ 45 ֆրանսիական թեքումով երկլեզու դպրոց, համար 48 ֆրանսիական թեքումով երկլեզու դպրոց, համար 119 ֆրանսիական թեքումով դպրոց) եւ բուհերից (Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը): Փառատոնին մասնակցում են ներկայացուցիչներ եւ ուսանողներ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից եւ ԵՊՀ-ից, ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը, անհատ երգիչները եւ պարային համույթը:
Կազմակերպիչները խոստանում են, որ միջոցառումը ներկաներին մտովի կտեղափոխի Փարիզ, կլսեն միայն եւ միայն ֆրանսիական երգ ու երաժշտություն:
Միջոցառումն իրականացվում է ԵՊՀ մշակույթի կենտրոնի եւ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնի համատեղ ջանքերով:





























