Տրանսպորտային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ է քննարկվել այսօր` ապրիլի 15-ին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ Համաշխարհային բանկի տրանսպորտի ոլորտի ղեկավար Հենրի Քերալի հանդիպման ընթացքում: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Եվրոպական ներդրումային բանկի ծրագրերի պատասխանատուները:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետը որպես առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ, առանձնացրել է տրանսպորտային ցանցի կանոնակարգումը, փոքր տեղատարողության փոխադրամիջոցների թվի նվազեցումը, ավտոբուսների համար նոր կանգառների առանձնացումը, բանուկ հատվածներում տեսախցիկների տեղադրումը, երթուղիներում ժամային գրաֆիկների մշակումը, մայրաքաղաքի երթեւեկության բեռնաթափումը եւ այլն:
Նա ներկայացրել է հասարակական տրանսպորտի աշխատանքն ուսումնասիրելու նպատակով ներկայում ընթացող մոնիթորինգի արդյունքները, ինչպես նաեւ վերջերս կատարած հասարակական կարծիքի ուսումնասիրությունը, որի համաձայն մայրաքաղաքի բնակչության զգալի մասը, որպես ուղեւորափոխադրամիջոց, նախապատվությունը տալիս է ավտոբուսներին: Խոսելով տրանսպորտի ոլորտի հեռանկարային ծրագրերի շուրջ, Կարեն Կարապետյանը հատկանշել է երթեւեկության վարձավճարների հավաքագրման միասնական համակարգի ստեղծումը:
Կարեն Կարապետյանի ներկայացմամբ, քաղաքապետարանն ակնկալում է Համաշխարհային բանկի խորհրդատվական աջակցությունը:
ՀԲ-ի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել աջակցել տեխնիկական օժանդակության, խորհրդատվական ծառայության եւ մասնագետների ուսուցման ծրագրերի առումով:





























