Սեպտեմբերի 30-ին Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իր պաշտոնական այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի եւ Իրաքի Ազգային ժողովի նախագահ Այադ ալ-Սամառայի հետ, ինչպես նաեւ այցելել է իրանահայերի ազգային հաստատություններ եւ շփումներ ունեցել այդ երկրում հայ գաղութի ներկայացուցիչների հետ:
ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 30-ի երեկոյան տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Զրուցակիցները քննարկել են ապրիլին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ նրանց նախանշած ծրագրերի իրականացման հարցերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանն ու Իրանը միմյանց կապող նոր երկաթուղու նախագծին:
ՀՀ ԱԺ պատվիրակությունն այցելել է նաեւ ԻԻՀ խորհրդարան, որտեղ ՀՀ եւ ԻԻՀ խորհրդարանների նախագահներ Հովիկ Աբրահամյանը եւ Ալի Լարիջանին ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր:
Սեպտեմբերի 30-ի կեսօրին ՀՀ ԱԺ նախագահը հանդիպում է ունեցել Իրաքի Ազգային ժողովի նախագահ Այադ ալ-Սամառայի հետ, որը եւս այցով գտնվում էր Թեհրանում:
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելել է նաեւ ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնիի դամբարան, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցի, որտեղ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացին՝ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է, թե Հայաստանի իշխանությունները հասկանում են Սփյուռքի մեր եղբայրների եւ քույրերի անհանգստությունը: «Վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանի իշխանությունները երբեք թույլ չեն տա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի առկախումը հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգումից: Նմանապես անընդունելի է այդ հարաբերությունների պայմանավորումը Արցախի հիմնահարցի կարգավորմամբ: Ոչ Հայոց ցեղասպանության ճանաչման, եւ ոչ էլ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման հարցերը սակարկության ենթակա չեն»:
Սեպտեմբերի 30-ի` լույս հոկտեմբերի 1-ի գիշերը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանից վերադարձել է Երեւան:




























