ԵԽԽՎ-ում հայաստանի պատվիրակության անդամ, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի փոստանջյանը կիսում է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների խիստ գնահատականները:

«Ես ամբողջությամբ կիսում եմ նաեւ համազեկուցողներին կոչն ուղղված Հայաստանի իշխանություններին` ոչ միայն օրենսդրական բարեփոխումներ, այլ նաեւ պրակտիկ քայլեր անել` երկրում ժողովրդավարության վիճակի բարելավման համար: Կիսում եմ նաեւ նրանց գնահատականը, որ համապատասխան վճռական քայլերի բացակայության դեպքում, Հայաստանում վիճակն ավելի կվատանա»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Փոստանջյանը:

Նա նաեւ համերաշխություն է հայտնել այդ փաստաթղթի այն դրույթին, որտեղ նշվում է, որ 2008-ի մարտի մեկի դեպքերի ժամանակ 10 սպանությունների չբացահայտումը շարունակում է «երկրում թունավորել մթնոլորտը»: Փոստանջյանը նաեւ համաձայնել է համազեկուցողների կարծիքին, որ Հայաստանի սոցիալական բեւեռացումն ավելի է մեծացել: «Այս ամենից Հայաստանի իշխանությունները պետք է հստակ հետեւություններ եւ համապատասխան քայլեր անեն: Հակառակ դեպքում, 2012 թվականի ընտրությունների հետեւանքներն ավելի աղետալի կլինեն, քան 2008-ին»,- ամփոփել է ընդդիմադիր պատգամավորը:

«Ժառանգության» պատգամավորը հայտնել է, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին մասնակցել է նաեւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգը, ով նույնպես խիստ քննադատության է ենթարկել իրավիճակը Հայաստանում:

«Համերբերգը խիստ զեկույց է պատրաստում Հայաստանի մասով եւ այդ երկու զեկույցները քննարկվելու են ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում: Եթե մինչ այդ Հայաստանի իշխանությունները համապատասխան հետեւություններ չանեն, երկրի համար հետեւանքները շատ խիստ կլինեն»,- հայտարարել է նա: