Հանրապետության ղեկավարության համար ժողովրդավարական բարեփոխումների անցկացումը գերակա խնդիր է, որն իշխանությունները հաջողությամբ իրականացնում են: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կառավարող Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ԵԽԽՎ Մոնիտորինգի խմբի զեկույցը, ըստ որի Հայաստանում բարեփոխումները կրում են միայն օրենսդրական, ոչ թե գործնական բնույթ:
«Ես համաձայն չեմ այդ կարծիքի հետ. Հայաստանում հավասար չափով իրականացվում են թե’ օրենսդրական, թե’ գործնական բարեփոխումներ: Դրա ամենավառ օրինակներից մեկը նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայտարարված համաներումն էր, իշխանությունների եւ քաղաքական ուժերի միջեւ երկխոսությունը, Հանրային խորհրդի ստեղծումը», - հայտարարեց Շարմազանովը` միաժամանակ ընդգծելով, որ ժողովրդավարական բերեփոխումների իրականացման հարցում Հայաստանի իշխանությունները ղեկավարվում են ոչ թե միջազգային կազմակերպությունների պահանջներով, այլ այն գիտակցությամբ, որ Հայաստանի զարգացման համար ժողովրդավարական ճանապարհն այլընտրանք չունի:
Բացի այդ, ըստ Շարմազանովի, միջազգային կառույցները պետք է աջակցեն Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ոչ թե հանդես գան միակողմանի եւ սուբյեկտիվ քննադատությամբ: Միաժամանակ նա քիչ հավանական համարեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում զեկույցի քննարկման ժամանակ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը: «Եթե խոսքը պատժամիջոցների մասին է, ապա ԵԽԽՎ-ն ավելի լավ է դրանք կիրառի այն երկրների նկատմամբ, որոնք միջնադարյան մեթոդներով են կառավարվում»,- եզրափակեց Շարմազանովը:
Նշենք, որ մոնիտորինգի խմբի զեկույցում կոշտ գնահատականներ կան Հայաստանի նկատմամբ: Փաստաթղթում նշվում է, որ 2008թ. մարտի 1-ի դեպքերի չբացահայտված լինելը թունավորում է երկրի մթնոլորտը: Զեկուցողները նաեւ նշել են, որ վերջին տարիներին Հայաստանում մեծացել է սոցիալական բեւեռացումը, ինչը կարող է հասարակական հուզումների հանգեցնել:





























