Լիբանանի քրիստոնեական հոգեւոր ղեկավարները ցուցարարներին հորդորել են շնչելու ժամանակ տալ նոր կառավարությանը, որպեսզի այն կարողանա հաղթահարել ֆինանսական ճգնաժամը, եւ դատապարտել են անվտանգության ուժերի վրա հարձակումը բողոքի վերջին ցույցերի ժամանակ, տեղեկացնում է Reuters-ը։

«Հոգեւոր հայրերն ընդգծում են բարեփոխումների պահանջով ընթացող խաղաղ ցույցերի իրավունքը, բայց կտրականապես դեմ են փողոցներում եւ հրապարակներում խմբվող ամբոխին, հատկապես Բեյրութում»,- ասվում է Լիբանանի քրիստոնեական հոգեւոր ղեկավարների հայտարարությունում։

Մարոնի պատրիարք Բեշար Բուտրոս էլ Ռաին գագաթաժողով է հրավիրել, որին մասնակցել են Լիբանանի քրիստոնեական շատ համայնքների հովվապետեր, տեղեկացնում է NNA պետական տեղեկատվական գործակալությունը։ Հանդիպման ամփոփիչ հայտարարությունն ընթերցվել է տեղի ԶԼՄ-ների ուղիղ եթերով։

Քրիստոնեական հավատի առաջնորդները հայտարարել են, որ կառավարությանը պետք է «տրվի տարածք իր պարտավորությունների կատարման համար», եւ կոչ են արել արաբական պետություններին ու միջազգային հանրությանը աջակցել Լիբանանին։