Մի շարք տեղեկատվական աղբյուրներ կասկած են հայտնել Մոսկվայում գտնվող որոշ դիվանագիտական ներկայացուցչություններում խաղային ակումբների` կազինոների առկայության վերաբերյալ: Դիվանագիտական առաքելություններում այդ տեղեկությունները հերքել են` համարելով սադրանք: Դիվանագետների կարծիքով` սկանդալը կարող է վնասել միջազգային հարաբերությունները:
Որոշ լրատվամիջոցների, այդ թվում` «Իզվեստիայի» համար, նման հրապարկումների պատճառ է դարձել համացանցում բլոգերներից մեկի կողմից տեղադրված տեսանյութը: Այնտեղ տեսանելի է Մոսկվայի Հայկական նրբանցքը. մթության մեջ Բելառուսի դեսպանատան շքամուտքերից մեկում հայտնվում են մարդիկ: Տեսախցիկը սեւ-սպիտակ ֆորմատով եւ առանց ձայնի ֆիքսել է, թե ինչպես են նրանք ուսումնասիրում փողոցը: Նշվում է, թե անմիջական կազմակերպիչները ոմն Անդրեյ Սիչով է եւ նրա օգնականը:
Ներս են թողնում միայն ստուգված անձանց: Նմանատիպ սխեմա իբր կիրառվում է նաեւ ԿԺԴՀ-ի դեսպանատանը, որը շենքի մի մասը վարձակալության է տալիս Մոսֆիլմի փողոցում, հաղորդում է Vesti.ru-ն:
Սակայն Բելառուսի ԱԳՆ տեղեկատվության վարչության պետ Անդրեյ Սավինը խիստ քննադատությամբ է հանդես եկել «Իզվեստիայի» հասցեին: «Ոչ մի կազինո բելառուսական դեսպանատանը չկա եւ լինել չի կարող»,-հայտարարել է նա:
Կորեական դեսպանատնից եւս կտրականապես հերքել են այդ տեղեկությունը` այն համարելով սադրանք:
ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներում, չնայած դիվանագետների բողոքին, կորեական կազինոյի առկայությունը կապվում է ադրբեջանցի գործարար Նազիմ Իսմայլովի անվան հետ, ով ներքաշված է եղել նման պատմություններում, սակայն ոչ թե դեսպանատան, այլ «Զոլոտոյե կոլցո» հյուրանոցի տարածքում:
Տեսականորեն, դիվանագիտական ներկայացուցչություններում կազինոների կազմակերպման գաղափարը բավականին օրիգինալ է, քանի որ դրանք համարվում են այլ պետության տարածք եւ այնտեղ ոստիկանույթունը կամ հատուկ ծառայությունները մուտք չեն կարող ունենալ: Նման հաստատությունների ստեղծումը, սակայն, պաշտոնապես կդիտվի որպես միջազգային նորմերի խախտում, ըստ որոնց արգելվում է դիվանագիտական աշխատանքի հետ կապ չունեցող հաստատությունների ստեղծումը:





























