Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին` դադարեցնել հարձակումները խաղաղ ցուցարարների նկատմամբ, ընդդիմության ապրիլի 17-ին նախատեսված հանրահավաքից առաջ, հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
«Ադրբեջանի իշխանությունները պետք է թույլ տան այդ ակցիայի անցկացումը: Խաղաղ հանրահավաքները խոսքի ու հավաքների ազատության էությունն են: Այդ իրավունքներն Ադրբեջանում ոտնահարվում են: Միջազգային հանրությունը պետք է մեծ ճնշում գործադրի այդ երկրի կառավարության վրա, որպեսզի վերջ տրվի բռնություններին»,- ասել է Amnesty International-ի Եվրոպայի եւ կենտրոնական Ասիայի հարցերով տնօրենի տեղակալ Ջոն Դալուսենը:
Նշենք, որ Բաքվի քաղաքապետարանն արգելել է ապրիլի 17-ին հանրահավաք անցկացնել «Նարիմանով» կինոթատրոնի մոտ, որից հետո «Հասարակական պալատ» քաղաքացիական շարժումը վերջնական որոշում է կայացրել ակցիան անցկացնել «Սահիլ» այգում:
Ադրբեջանի կառավարությունը ապրիլի 15-ին հայտարարել է, որ թույլ չի տա բողոքի ակցիայի անցկացումը, որտեղ քաղաքական բարեփոխումների պահանջներ են հնչելու:





























