Շվեյցարիայի խորհրդարանում ապրիլի 13-ին հայ-շվեյցարական բարեկամության խորհրդարանական խմբի եւ «Վտանգված ժողովուրդների ընկերակցություն» (Gesellschaft für bedrohte Völker) կազմակերպության նախաձեռնությամբ Բեռնի արվեստի թանգարանի կինոդահլիճում ցուցադրվել է գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի (Eric Friedler) նկարահանած «Աղետ. Մի Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը:

90 րոպեանոց ֆիլմի ցուցադրությանը հաջորդել են քննարկումներ` կինոռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի եւ Դողան Ախանլիի մասնակցությամբ: Գերմանիայում բնակվող թուրք գրողը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ «Վերջին դատարանի դատավորները» (Dogan Akhanli, die Richter des Jüngsten Gerichts) գրքի հեղինակն է:

«Աղետ» ֆիլմը նկարահանվել է Հայոց Ցեղասպանության ականատեսների, Թուրքիայում ամերիկացի եւ եվրոպացի դիվանագետների (այդ թվում` Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Մորգենթաուի, Գերմանիայի դեսպան Մետտեռնիխի եւ այլոց), ինչպես նաեւ հումանիտար առաքելություններով այնտեղ գտնվածների հիշողությունների հիման վրա: Ֆիլմի ցուցադրումը նախատեսվում է նաեւ հեռուստատեսությամբ: