Երեւանում այսօր՝ ապրիլի 17-ի առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում «Մերսեդես բենց» ավտոմեքենան բախվել է աղբատար բեռնատարին (ֆոտոռեպորտաժ):

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Մերսեդես Բենց» մակնիշի 25 ՍՏ 027 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Հարություն Հարությունյանը Արշակունյաց պողոտայի 270 հասցեի դիմաց ընդհարվել է ԶԻԼ մակնիշի 05 ՏՕ 608 համարանիշի աղբատար բեռնատարին, որից հետո չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է մայթի վրա գտնվող հեռախոսների բաժանման տուփին:

Վթարի հետեւանքով Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի վայր էին ժամանել Երեւանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ովքեր փորձում էին վթարի վայրից հեռացնել հետաքրքրասեր քաղաքացիներին, քանի որ առաջացել էր խցանում եւ երթեւեկությունը մինչեւ տեսուչների ժամանելը կաթվածահար էր եղել:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական գլխավոր վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանը:

Նրա հանձնարարականով ավտոմեքենան քարշակի օգնությամբ տեղափոխվեց ՃՈ տուգանային հրապարակ:

Դեպքի վայրում էին նաեւ «Բիլայն» ընկերության աշխատակիցները, քանի որ շարքից դուրս էր եկել նաեւ հեռախոսների բաժանման տուփը:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի