Թուրքիան հինգշաբթի խիստ քննադատության է ենթարկել Հունաստանից Եվրախորհրդարանի պատգամավոր Յանիս Լագոսին, որը ԵԽ-ում վերջին ելույթի ժամանակ պատռել է Թուրքիայի Հանրապետության դրոշի պատկերով թուղթը։

«Այդ ռասիստական անհատները մյուսներից ավելի լավ գիտեն, թե ինչպես ենք մենք կոտրում ու ծովը նետում նրանց, ովքեր համարձակվում են գրոհել մեր փառապանծ դրոշի դեմ։ Եվրոպայի երեսառած ռասիստական երեխաները պետք է իմանան իրենց տեղը։ Եվրոպան պետք է վերջ դնի ռասիզմին եւ թշնամանքին իսլամի հանդեպ»,- Թվիթերի իր էջում գրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ «ոչ ոք չպետք է կասկածի, որ Թուրքիայի դրոշը հպարտորեն ծածանվելու է հավերժ»։ «Սպասում ենք, որ Եվրախորհրդարանը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի  այդ ծաղրածուի դեմ»,- ավելացրել է հանրապետության ԱԳՆ ղեկավարը։

Յանիս Լագոսը 2012-2019 թվականներին եղել է Հունաստանի խորհրդարանի պատգամավոր աջ կուսակցությունից եւ «Խրիսի ավգի» (Ոսկե արշալույս») նացիստական կազմակերպությունից։ Բրյուսելում ելույթի ժամանակ Լագոսը Թուրքիային մեղադրել է  դեպի Եվրոպա անլեգալ միգրացիոն հոսքերի կազմակերպման մեջ, քննադատել է նախագահ Թայիփ Էրդողանին անցակետերը միգրանտների առջեւ բացել սպառնալու պատճառով եւ պատռել Թուրքիայի դրոշը պատկերող թուղթը։