Մասիսի կենտրոնական հիվանդանոցից այսօր՝ ապրիլի 17-ին ժամը 00:15-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երեք երիտասարդներ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածներից երկուսը տեղում մահացել են, երրորդին էլ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ մահացածներն Արարատի մարզի Արեւաբույր գյուղի բնակիչներ Սամվել Վարդանյանն է եւ Սարգիս Առաքելյանը, իսկ վիրավորը՝ Հարութ Աբրահամյանը: Բոլորն էլ 22 տարեկան են:

Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Երեւան-Արտաշատ ավտոճանապարհի Արարատի մարզի Արեւաբույր գյուղի ճանապարհահատվածում անհայտ անձի կողմից վարած «ՎԱԶ-2106» մակնիշի 61 ՏՍ 921 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի կողքին կայանված «Մխչյան» տաքսի ծառայությանը պատկանող 31-ամյա Գրիգոր Մեսրոպյանի վարած Տ 7476 համարանիշի ավտոմեքենային, որից հետո «ՎԱԶ-2106»-ը վրաերթի է ենթարկել տաքսի ավտոմեքենայից իջնող 3 ուղեւորներին եւ թողնելով անօգնական վիճակում դիմել փախուստի:

Նույն օրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասին հատկանիշներով: Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից ստեղծել է օպերատիվ քննչական խումբ, որը ղեկավարում է Մասիսի ոստիկանապետ Գուրգեն Բեգլարյանը:

Ձեռնարկված աշխատանքների արդյունքում առավոտյան ժամը 5-ի սահմաններում ոստիկանությունը հայտնաբերել է նշված ավտոմեքենան եւ վրաերթ կատարողին: Վերջինս Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ 32-ամյա Սուրեն Միդեյանն է:

Այս պահին նա ոստիկանության Մասիսի քննչական բաժնում է, որտեղ քննիչի կողմից քննչական գործողություններ են կատարվում:

Վրաերթ կատարողը ձերբակալված է, ավտոմեքենաները տեղափոխվել են Մասիսի ոստիկանության տուգանային հրապարակ:

Սուրեն Միդեյան

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի