Առաջիկա 1-2 ամսում Սահմանադրական դատարանի թեման մեկընդմիշտ փակ կլինի։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես չեմ ասում, որ 2 ամսից Հրայր Թովմասյանը կլինի կամ չի լինի ՍԴ նախագահ, ես ասում եմ, որ գործընթացը իրավական․․․Հրայր Թովմասյանն ընդհանրապես ՍԴ նախագահ չպետք է լիներ, դա այլ խոսակցության թեմա է։ Ես ասացի, որ 1-2 ամսվա ընթացքում հանգուցալուծումը բոլորի համար պարզ կլինի։ Այս ժամկետը պայմանավորում եմ այն իրավական գործընթացով, որոնք ավարտին են հասցվում։ Լուծումներ են լինելու, որ Սահմանադրական դատարանը, որ մնացել է հին աշխարհում, ազատվելու է և հայտնվելու է նոր Հայաստանում, Հրայր Թովմասյանը ուզի, թե չուզի»,-նշեց նա։

Ալեն Սիմոնյանը հորդորեց չբացառել, որ հարցը կլուծվի սահմանադրական բարեփոխումների միջոցով։ Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ սահմանադրական բարեփոխումները կարելի է նաև 1-2 ամսում մշակել։

Հարցին՝ միա՞յն Հրայր Թովմասյանը պետք է հեռանա ՍԴ նախագահի պաշտոնից, թե՞ մյուս դատավորների հեռացմամբ, Սիմոնյանն ասաց․ «ՍԴ խնդրի հանգուցալուծումը պատկերացնում եմ ՀՀ քաղաքացիների համար վստահելի ՍԴ և դատական իշխանություն ունենալու մեջ»։