Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ տեղի կունենա հունվարի 31-ին։ Հաղորդվում է, որ Պոմպեոն եւ Զելենսկին ԶԼՄ-ների առջեւ հանդես կգան ժամը 12.00-ին, տեղեկացնում է Comments.ua-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի նախագահի գրասենյակին։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 30-ին, ԱՄՆ Պետդեպարտամենտը տեղեկացրել էր, որ Մայք Պոմպեոն հունվարի 3-ին պետք է այցելեր Կիեւ եւ հանդիպեր պետության ղեկավարության, կրոնական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության եւ բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Ուկրաինայից հետո Պոմպեոն նախատեսում էր հունվարի 3-7-ը այցելել Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան եւ Կիպրոս։ Բայց հունվարի 1-ին այդ շրջագայությունը հետաձգեցին անորոշ ժամանակով Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի պատճառով։