Երեւանում այսօր՝ ապրիլի 17-ին ժամը 9:20-ի սահմաններում, Խանջյան փողոցի վրա գտնվող Լունապարկ խաղահրակի մոտ գործող «Բոչկա»  բացօթյա սրճարանին հարակից տարածքում քաղաքացիները կարողացել են կանխել ծեծկռտուքը:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի տղամարդ փորձում էր ծեծի ենթարկել մի կնոջ, սակայն սրճարանի հարեւանությամբ գտնվող մարդիկ կարողացան վնասազերծել նրան, ում մոտ հայտնաբերվեց սպասքի դանակ: Տղամարդն, ըստ ականատեսների, փորձում էի դանակով հարվածներ հասցնել սրճարանում աշխատող մի կնոջ:

Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները, տղամարդը դիմեց փախուստի:

Քաղաքացիները հայտնեցին, որ այդ տղամարդուն իրենք ճանաչում են. Նա մի քանի օր առաջ էլ փորձել է դանակով հարվածներ հասցնել աշխատակցուհուն, սակայն այն ժամանակ նշված տարածքում ծառայություն կատարող ոստիկանները նրան վնասազերծել եւ տեղափոխել էին կենտրոնականի բաժին, որտեղից մի քանի ժամ անց ազատ էին արձակել:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցներն արդեն ճշտել են նրա ինքնությունն ու բնակության վայրը եւ ձեռնարկվում են օպերատիվ քննչական միջոցառումներ, նշված տղամարդուն հայտնաբերելու համար: Դանակն առգրավվել է:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի