«Հանրայինով հեռարձակված ռեպորտաժով ցինիկաբար խախտվել է Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը». ՍԴ նախագահի փաստաբանական թիմի հայտարարությունը։ Կոպտորեն խախտվել են նաեւ լրատվական էթիկայի կանոնները. ահազանգում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։ Վարչապետն իր էջում տեղադրել է ռեպորտաժը եւ գրել. Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ. Թովմասյանի պաշտպանը դարձյալ արձագանքել է՝ գործ ունենք սահմանադրական կարգի տապալման առերեւույթ հանցակազմի հետ։ «Ոչ մի ձուկ ու մուկ չի պլստալու, կազմակերպիչն արդեն պարզ է». Թովմասյանի մյուս պաշտպանը դիմել է ՀՔԾ։ Եվրադատարանը հայ հովվի սպանության համար Ադրբեջանին մեղավոր է ճանաչել. Բաքուն պետք է 60 հազար եվրո բարոյական փոխհատուցում վճարի: Միսնկի խմբի համանախագահների հայտարարությանը սպասելիս. Ժնեւում ավարտվել է Մնացականյան-Մամեդյարով բանակցային մարաթոնը։ Կայացվել է քաղաքական որոշում. Արփինե Հովհաննիսյանը չի ընդգրկվել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում։ Արդարադատության նախարարի մեկնաբանությունը։ Ակնհայտ խտրականություն է. արդարադատության նախկին նախարարի արձագանքը։ Խիզախ երիտասարդը. Ավանի հանրախանությում երկաթե շղթայով մարդկանց ահաբեկող դրամաշորթին վնասազերծել է հաճախորդներից մեկը։ Ընդդեմ կորոնավիրուսի ներթափանցման. «Զվարթնոցի» հսկիչ բուժանցակետում չափում են բոլորի ջերմությունը։
Անցած կեսգիշերին մոտ հրատապ հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբանական թիմը, ահազանգելով, որ Հրայր Թովմասյանի մասին Հանրայինով հեռարձակված ռեպորտաժով ցինիկաբար խախտվել է անմեղության կանխավարկածը։ «Ըստ ամենայնի, ոմանք սխալ են ընկալել զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնելու մասին Սահմանադրական դատարանի նախագահի նախօրեի հարցազրույցում դիտարկումը», Ֆեյսբուքում գրել է Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
«Հարկատուների գումարներով գործող Հանրային Հեռուստաընկերությունը կոպտորեն խախտել է օրենքով իրեն վերապահված գործառույթները եւ լրատվական էթիկայի կանոնները», ասված է «Մեդիա պաշտպան» կազմակերպության հայտարարությունում։ «Հանրայինը վերածվել է վարչապետ Փաշինյանի քաղաքական քարոզչամիջոցի, լրատվական բաժնի այլանդակման պատասխանատվությունը կրում են իշխանությունները եւ Հանրայինի ղեկավարները», գրել է «Մեդիա պաշտպանը»։
«Հանրայինը խայտառակ ռեպորտաժ պատրաստեց Թովմասյանի մասին, դատական գործը չավարտված, խայտառակ մեղադրանքներ հնչեցրին՝ պատասխանի իրավունք չտալով, երկկողմանի մոտեցումներ չցուցաբերելով», արդեն ֆեյսբուքյան լայվով հայտարարել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը։ Մեկնաբանության համար նա զանգահարել է Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Արա Շիրինյանին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է Հանրայինի ռեպորտաժը եւ գրառում արել. «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»,- գրել է վարչապետը:
Փաստորեն գործադիր իշխանության ղեկավարը նույնիսկ չփորձեց թաքցնել իր ուղղակի առնչությունը հանրայինի տարածած խայտառակ նյութին, նույն սոցցանցում այդ գրառմանն արձագանքելով, գրել է Ամրամ Մակինյանը: «Սահմանադրական սկզբունքների խախտման, հիմնարար իրավունքների կոպիտ եւ ցինիկ ոտնահարման մասին խոսելն այլեւս ավելորդ է։ Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման եւ սահմանադրական դատարանի յուրացման առերեւույթ հանցակազմի հետ»,- գրել է նա:
Ավելի ուշ Ամրամ Մակինյանը NEWS.am-ին ասել է, որ հանցագործություն է տեղի ունենում։ «Արդեն իսկ գործադիրի ղեկավարը ակնհայտ իշխանության յուրացման առերեւույթ փորձ է անում։ Նիկոլ Փաշինյանն իր գրառմամբ ցույց տվեց, որ առնչություն ունի այդ ռեպորտաժի հետ»,- ասել է պաշտպանը։ «Սա ողբերգություն է, որը ծանր ու վտանգավոր հետեւանքների կարող է հանգեցնել», ասել է Մակինյանը։
Նման առերեւույթ խախտումները նվեր են Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմին, ֆեյսբուքի իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ Ըստ նրա Հանրայինի ռեպորտաժը Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման հերթական բացահայտ դրսեւորումն է։
Իրավագիտության դոկտոր, Սահմանադրական դատարանի անդամի նախկին թեկնածու Գոռ Հովհաննիսյանը, որը Գերմանիայում աշխատանքի փորձառություն ունի, 168.am-ին ասել է, որ եթե Անգելա Մերկելը հրապարակավ Գերմանիայի ՍԴ նախագահ, պրոֆեսոր Ֆոսկուլեի մասին նման բան ասի, առանց չափազանցության՝ հետևանքը կլինի Մերկելի հրաժարականը հենց նույն օրը։ Ոչ ոք դա չի հանդուրժի: Դա ուղղակի աներևակայելի է», ասել է սահմանադրական իրավունքի մասնագետը:
Հրայր Թովմասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը դիմել է Հատուկ քննչական ծառայություն՝ Հանրայինի աղմկահարույց ռեպորտաժում առկա տվյալներին տեղեկանալու համար։ Նաեւ գրառում արել ֆեյսբուքում. «Ու ո՛չ մի ձուկ ու ո՛չ մի մուկ չի պլստալու, կտրելու ենք բոլորի թաթիկները!!! Սկսում ենք երեկվա հանցագործությունը կատարած անձանց շրջանակի բացահայտման գործողությունները։ Կազմակերպիչն արդեն պարզ է... »։
«Հոգեբուժական օգնության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը բավականին խնդիրներ լուծում է, իսկ գործնականում խնդիրները շատ են, կառավարության նիստում ասել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանին մեղավոր է ճանաչել գերեվարված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի սպանության գործով: Դատարանը որոշել է, որ Ադրբեջանը խախտել է մարդու կյանքի եւ անմարդկային վերաբերմունքի կամ խոշտանգման չենթարկվելու իրավունքները։ Եվրադատարանի վճռով Ադրբեջանը պետք է 60 հազար եվրո վճարի Սարիբեկյանի հարազատներին որպես բարոյական վնասի փոխհատուցում, 2200 եվրո էլ որպես դատական ծախսերի փոխհատուցում:
Իսկ Ժնեւում այսօր շարունակվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ: Փորձագետներն այս բանակցությունը ամենաերկարատեւներից մեկն են համարում արտգործնախարարների հանդիպումների պատմությունում։
Փարիզը հավատարիմ է Արցախի խնդրում միջնորդի իր դերին, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ամենամյա ճաշկերույթին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիայի խնդիրն է լինել Հայաստանի կողքին, ասել է նա, ընդգծելով, որ Ֆրանսիան շարունակում է Նոր Հայաստանում ներդրումները: Ֆրանսիայի նախագահն ասել է, որ շարունակելու է ջանքերը Հայոց ցեղապանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունելու ուղղությամբ։
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը չի ընդգրկվել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, քանի որ մասնակցել է 2015-ի Սահմանադրության փոփոխությանը, լրագրողներին ասել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Սա ակնհայտ խտրականություն է՝ պայմանավորված քաղաքական հայացքներով, Ֆեյսբուքում գրել է Արփինե Հովհաննիսյանը։ Ազգային Ժողովի նախկին փոխնախագահը շնորհակալություն է հայտնել անկեղծ պատասխանի համար, որն, ըստ նրա, լիովին արտահայտում է սահմանադրական հանձնաժողովի ձեւավորման հիմքում ընկած չափանիշները: Ձեզ պետք էր համակիրների խմբակ, դուք այն ստացաք, գրել է նա։
Այսօր՝ 13-ն անց 15-ի սահմանում, Պաշտպանության Բանակի կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 19-ամյա Վահրամ Մկրտչի Ավագյանը։ Ավելի ուշ Հատուկ քննչական կոմիտեից հայտնել են, որ նախնական տվյալով՝ զինծառայողն ինքն է կրակել իր կրծքին։
Հայաստանում քաղաքական հետապնդում չի իրականացվում, անդրադառնալով հունվարի 28-ին հասարակական 6 գործիչների բերման ենթարկելու փաստին, լրագրողներին ասել է ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը: Եթե քաղաքական հետապնդում լիներ, խոսքի եւ ամեն ինչի առումով այսպիսի ազատություններ մենք չէինք ունենա, ասել է նա:
Ավանի հանրախանութներից մեկի տեսագրող սարքն արձանագրել է, թե ինչպես է մի երիտասարդ մոտենում դրամարկղին ու փող պահանջում՝ անկանոն պտտեցնելով ձեռքին ամրացրած երկաթե շղթան։ Ըստ ոստիկանության՝ չնայած մարդիկ արագ փախչում են, սակայն շղթան վնասում է նրանցից մի քանիսին։ Հանկարծ մի երիտասարդ խիզախորեն հարվածում եւ գետնին է տապալում հարձակվողին։ Դեպքի վայր հասած իրավապահները ձերբակալում են նրան։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանով ամեն օր Չինաստանից Հայաստան է գալիս 20-30 մարդ։ Նրանց մեծ մասը հայեր են։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է օդանավակայանի հսկիչ բուժանցակետի համաճարակաբան Հայկ Կարապետյանը։
Նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 170-ի, հաստատված դեպքերի թիվը՝ 7711-ի։ Ըստ BBC-ի՝ վիրուսը տարածվել է Չինաստանի բոլոր շրջաններում։ Վարակը տարածվել է նաեւ 16 այլ երկրներում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր արտահերթ նիստ է գումարել՝ միջազգային նշանակության արտակարգ դրություն հայտարարելու հարցը քննարկելու համար։
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.11 դրամով եւ կազմել 478.69 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.94 դրամով ու հասել 527.47 դրամօ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.19 դրամով ու կազմել 623.06 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով ու կազմել 7.61 դրամ։
Հունվարի 31-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա: Երեւանում երեկոյան սպասվում է անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +8+10:











