ԱՄՆ կոնգրես է ներկայացվել մի բանաձեւի նախագիծ, որով առաջարկվում է «Թուրքիան համարել Ամերիկայի ամենակարեւոր ռազմավարական գործընկերներից մեկը», հաղորդում է TRT Russian-ը:
Հեղինակը Հյուսիսային Կարոլինայից կոնգրեսական, հանրապետական Վիրջինիա Ֆոքսն է: Փաստաթղթով նաեւ պահանջվում է, որպեսզի թուրքական տոնը` Հանրապետության օրը, ամեն տարի նշվի ԱՄՆ-ում:
Ներկայացուցիչների պալատի կողմից հավանության արժանանալու դեպքում նախագծում կներառվի նաեւ հետեւյալ նախադասությունը. «Թուրքիան, որն ամրապնդում է իր ժողովրդավարությունը, հանդես է գալիս տարածաշրջանում որպես կայունության աղբյուր»:
Բանաձեւի նախագծում շեշտադրվում է նաեւ Թուրքիային երախտագիտություն հայտնելու անհրաժեշտությունը` մասնավորապես Աֆղանստանում ու Իրաքում կայունության հաստատման գործում ունեցած «ծանրակշիռ ներդրման համար»:
Ակնկալվում է, որ նախագիծը կքննարկվի Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում:




























