Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Գերմանիայում GIZ (Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության) կենտրոնական գրասենյակի ավագ փորձագետ Յենս Դեպպեին եւ GIZ Հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ֆոնդի «Խորհրդարանների աշխատակազմերի ուժեղացում Արեւելյան գործընկերությունում» ծրագրի հայաստանյան պատասխանատու Հրաչիկ Յարմալոյանին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են GIZ Հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ֆոնդի կողմից Արեւելյան գործընկերության երկրներում խթանվող բարեփոխումների լայն շրջանակ:
Մասնավորապես՝ անդրադարձել են օրենսդրությունների մոտարկմանը, էլեկտրոնային կառավարմանը, քաղաքացիական ծառայության եւ հանրային ծառայության բարեփոխումներին, Խորհրդարանի աշխատակազմի կարողությունների զարգացմանը եւ անչափահասների արդարադատությանն առնչվող մի շարք հարցերի:
Քրիստիննե Գրիգորյանը կարեւորել է Խորհրդարանի կարողությունների զարգացումը՝ ընդգծելով, որ բարեփոխումների պահանջարկը պայմանավորված է ոչ միայն քաղաքական փոփոխություններով, այլ նաեւ հանրային լայն ներգրավմամբ՝ թե օրենսդիր եւ թե գործադիր կառավարման գործընթացներում: Անդրադառնալով անչափահասների արդարադատության ոլորտին՝ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում կատարվող փոփոխությունները, որոնք էականորեն բարելավելու են ոլորտային առկա խնդիրները, ինչպես նաեւ ընդգծել է Անչափահասների արդարադատության խորհրդի գործունեությունը եւ առաջարկել գործընկերներին համագործակցության հնարավոր տարբերակներում դիտարկել նաեւ Խորհրդի կարողությունների զարգացումը:
Փոխնախարար Գրիգորյանը գործընկերների հետ քննարկել է նաեւ օրենսդրության մոտարկման եւ հանրային կառավարման բարեփոխումների շրջանակում համագործակցության առավել արդյունավետ եւ նպատակահարմար ձեւաչափերի ընտրությանն առնչվող մի շարք այլ հարցեր:
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել:





























