ԱՄՆ իշխանություններն արգելել են տանզանացի քաղաքական գործիչ Փոլ Քրիստիան Մակոնդեի մուտքը երկիր, որն իր հայրենիքում նույնասեռականների որս էր հայտարարել, հայտնում է AFP-ն:
Ուրբաթ օրը հրապարակված իր հայտարարության մեջ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Տանզանիայի խոշորագույն Դար էս Սալայամ քաղաքի տարածաշրջանային կոմիսար Փոլ Քրիստիան Մակոնդայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին:
«Փոլ Քրիստիան Մակոնդայի դեմ ձեռնարկված այս գործողություններն ընդգծում են մեր անհանգստությունը Տանզանիայում մարդու իրավունքների ոտնահարման և բռնության կապակցությամբ»,- նշվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ: Միացյալ Նահանգներ մուտք գործելու արգելքը տարածվում է ոչ միայն Մակոնդայի, այլև նրա կնոջ՝ Մերի Ֆելիքս Մազենժի վրա:
«Պետդեպարտամենտը Փոլ Քրիստիան Մակոնդային հրապարակայնորեն անվանում է... մարդու իրավունքների կոպիտ խախտումներում նրա ներգրավվածության կապակցությամբ, որոնց թվում է կյանքի, ազատության կամ անվտանգության իրավունքից կոպտորեն զրկելը»,- ասվում է հայտարարության մեջ:
«Նա նաև կապված է քաղաքական ընդդիմության վրա ճնշումների, կարծիք արտահայտելու ազատության խաթարման, ինչպես նաև մարգինալացված անձանց վրա հարձակումների հետ»,- նշվում է փաստաթղթում:
2018-ի հոկտեմբերին Մակոնդան նույնասեռականների որս էր հայտարարել: Ավելի ուշ Տանզանիայի նախագահ Զոն Մագուֆուլին հրաժարվել էր մասնակցել այս նախաձեռնությանը` հայտարարելով, որ այն չի արտացոլում իր կառավարության տեսակետները:
Այնուամենայնիվ, ԱՄՆ իշխանությունները մարդու իրավունքների ոտնահարման համար քննադատության են ենթարկել նաև երկրի նախագահին:





























