Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին վերաբերող հարցեր:

Խորհրդակցության սկզբում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր կառավարությունը ձեւավորման առաջին օրից բարձրաձայնել է, եւ մենք ասել ենք, որ հետեւողական ենք լինելու կանխիկ շրջանառությունը կրճատելու առումով, որովհետեւ ինչպես մի շարք նախկին դեպքերում, այս հարցը մեզ համար կարեւոր է ոչ միայն տնտեսական, հակակոռուպցիոն քաղաքականության իմաստով, այլ նաեւ քաղաքակրթական առումով: Եվ ես ուզում եմ նորից ընդգծել, որ մեր տնտեսական, սոցիալական եւ ընդհանրապես բոլոր քաղաքականությունների մեջ մշտապես առանձնահատուկ տեղ ունեն այն հարցերը, որոնք իրենց մեջ քաղաքակրթական կոմպոնենտ են պարունակում:

Այսինքն՝ այնպիսի հարցեր են, որոնց լուծումը պետք է մեր երկրի մակարդակը, նշաձողը բարձրացնի: Այս առումով, անկանխիկ գործառնությունների ծավալի մեծացման ու ընդհանրապես էլեկտրոնային գործառնությունների եւ գործառույթների թվայնացման պրոցեսն այն  կարեւոր ուղղություններից մեկն է, որն իսկապես պետք է լրջագույն փոփոխություն մտցնի երկրի քաղաքակրթական մակարդակում, ինչը կարեւոր է ոչ այնքան որպես վերնագիր, այլ որպես մի գործընթաց, որը լրջագույն փոփոխություններ է բերելու մեր քաղաքացիների կյանքի որակի մեջ:

Ցանկանում եմ ընդգծել, որ վերջին շրջանում մենք այդպիսի մի քանի հարցեր ենք քննարկում. այս առումով կարեւոր են սպանդանոցների, կանխիկի կրճատման հետ կապված թեմաները: Մի քանի օր առաջ մենք քննարկում էինք գույքահարկի համակարգի փոփոխությունը, որը նույնպես շատ կարեւոր է, կարեւոր է՝ քաղաքացու ինքնազգացողության եւ պետության, ազգային հարստության կառավարմանն իր մասնակցության առումով: Այնպես որ, քաղաքակրթական ուղղությունը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի: Եվ պետք է արձանագրենք, որ այս փոփոխությունների իրականացումը մեզնից ջանք է պահանջելու, բայց կառավարությունը նրանով է կառավարություն, որ ունենա քաղաքական կամք եւ հմտություն՝ այդ ջանքը ոչ միայն կիրառելու, այլեւ դա հաջողությամբ պսակելու»:

Այնուհետեւ նախագծի հետ կապված ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ եւ առաջարկություններ: Նշվել է, որ վերջին երկու տարիների ընթացքում հանրապետությունում անկանխիկ գործառնությունների քանակը մի քանի անգամ ավելացել է, այդ թվում՝ արտասահմանյան բանկային քարտերի միջոցով: Դա պայմանավորված է նաեւ զբոսաշրջության ոլորտում տեղի ունեցող դրական զարգացումներով:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ անկանխիկ գործառնությունների խթանմանն ուղղված միջոցառումներին, համապատասխան ենթակառուցվածքների ապահովմանն ու այդ ուղղությամբ առաջիկա անելիքներին: Նշվել է նաեւ, որ վերը նշված օրենքի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը:

Վարչապետը կարեւորել է անկանխիկ գործառնությունների խթանումը ինչպես քաղաքակրթական կոմպոնենտի, այնպես էլ ստվերի կրճատման առումով: Կառավարության ղեկավարը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է շարունակել նախագծի շուրջ աշխատանքները՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները: