Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Բելառուսը մոտենում են պատժամիջոցների վերացմանը։ Այս մասին Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

«Մենք կնայենք, թե ինչ պատժամիջոցներ կարելի է հանել եւ ինչի արդյունքում։ Առայժմ մենք այդ կետին չենք հասել։ Սակայն այնպիսի պահերը, ինչպես այսօրը, մոտեցնում են այդ նպատակին»,- ասել է Պոմպեոն։

Նրա խոսքերով՝ բելառուսական պետության ղեկավարի հետ հանդիպմանը այլ հարցերի թվում քննարկվել է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը։ «Բելառուսում զգալի առաջընթաց կա այդ հարցերում։ Հետագա առաջընթացը պատժամիջոցները հանելու միակ միջոցն է»,- նշել է նա։

Պետքարտուղարն ընդգծել է, որ Բելառուսի եւ ԱՄՆ-ի միջեւ զգալիորեն բարելավվել են դիվանագիտական հարաբերությունները։ Նա հիշեցրել է, որ վերջերս բելառուսական կողմը հանել էր ամերիկյան դեսպանությունում աշխատակիցների թվի սահմանափակումը, իսկ այժմ երկրները մտադիր են նշանակել իրենց դեսպաններին։ «Դա արդեն օգտակար է ԱՄՆ-ի եւ Բելառուսի համար»,- ընդգծել է Պոմպեոն։

«Մենք լիովին աջակցում ենք իր ընտրությունն անելու եւ տարածաշրջանում կառուցողական դեր կատարելու Բելառուսի ցանկությանը։ Դուք չպետք է ապավինեք որեւէ ուժի, այլ պետք է ինքներդ որոշեք ձեր սեփական առաջնահերթությունները եւ ինչը կլինի լավագույնը ձեզ համար»,- հավելել է նա։