Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովն ու Ահմեդ Դավութօղլուն հանդիպել են իրանական Ուրմիա քաղաքում: Հանդիպման ժամանակ քննարկվել է ԼՂ խնդրի կարգավորման հարցն ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք խնդիրներ: Կողմերը միաժամանակ քննարկել են Մերձավոր Արեւելքում ընթացող գործընթացները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի  արտգործնախարարները ապրիլի 16-ին իրանական Ուրմիա քաղաքում համատեղ հռչակագիր են ընդունել: Կողմերը պայմանավորվել են ստեղծել տնտեսական հարցերով եռակողմ հանձնաժողով, նվազեցնել մաքստուրքերը, դյուրացնել սահմանի հատման գործընթացը, ինչպես նաեւ ստեղծել համատեղ ընկերություններ:

Բացի այդ, ըստ հռչակագրի, երեք երկրների միջեւ կստեղծվեն պատմական դեմքերի հոբելյանները համատեղ նշելու եւ մշակութային միջոցառումների անցկացման հնարավորություններ: Երեք երկրները պայմանվորվել են տեղեկատվություն փոխանակել անվտանգության ոլորտում` ահաբեկչության, մաքսանենգ զենքի եւ թմրամիջոցների, անօրինական միգրացիայի դեմ պայքարի եւ վերահսկողության նպատակով: Հռչակագրում դրույթ կա նաեւ միջազգային կազմակերպություններում  համագործակցության մասին:

Կողմերը պայմանավորվել են նաեւ սահմանամերձ գոտիներում տուրիզմի, տրանսպորտի եւ հաղոդակցության ոլորտներում հարաբերությունների զարգացման մասին: