ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարելու համար Ռուսաստանում կան անհրաժեշտ բոլոր դեղերը եւ միջոցները:

«Ռուսաստանում հիմա կան անհրաժեշտ բոլոր դեղերը եւ պաշտպանության միջոցները: Կարեւոր է, որ մարդիկ դրանցով լիովին ապահովվեն, եւ իհարկե, որ գները մնան նախկին մակարդակին: Սրան հետեւել է հանձնարարվել Դաշնային հակամենաշնորհային ծառայությանը եւ Ռոսզդրավնադզորին»,- նշել է նա:

Նա նաեւ հայտնել է, որ կորոնավիրուսին հակազդելու ՌԴ-ում ընդունված միջոցները նախատեսում են դրանով վարակված օտարերկրացի քաղաքացիների տարհանում:

«Հիմա այն (նոր վարակը) ավելացվել է առանձնապես վտանգավոր հիվանդությունների ցանկի մեջ: Սա թույլ կտա իրականացնել օտարերկրյա քաղաքացիների տարհանում, եթե նրանց մոտ այդպիսի հիվանդություն հայտնաբերվի, եւ հատուկ ահմանափակող միջոցառումներ կիրառել, այդ թվում՝ մեկուսացում եւ կարանտին»,- ասել է Միշուստինը երկուշաբթի կառավարության օպերատիվ խորհրդակցության ժամանակ: